«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Հրանտ Մաթևոսյանին` առաջին ու վերջին անգամ դու-ով

Հրանտ Մաթևոսյանին` առաջին  ու վերջին անգամ դու-ով
12.02.2013 | 00:44

Այսօր քո ծննդյան օրն է, բայց ես առավոտից ու արդեն մի քանի օր է` հիշում եմ քո մահվան օրը, հիշում եմ քեզ` սառն ու անհաղորդ եկեղեցում պառկած, կիսադատարկ ու զրնգացող լուռ և անկյունում Վահագն Աթաբեկյանի չբացվող աչքերը, հիշում եմ դեկտեմբերյան կտրող քամին ու սառը ձյունը, որ տեղում էր ասեղների պես փաթիլներով ու չէր նստում քո դեմքին, թեև անհեթեթ սպիտակությամբ պատել էր հագուստներդ: Այսօր քո ծննդյան օրն է, բայց ես առավոտից ու արդեն մի քանի օր է` հիշում եմ Վահան Տերյանին, որ ճչում էր` «Իմ գերեզմանին դուք չմոտենաք»: ՈՒ` չգիտեմ ինչու:
Մենք մեղավոր ենք քո առաջ. մենք քեզ չէինք հասկանում, մենք քեզնից սպասում էինք բառեր, բառեր, բառեր, որ դու չէիր գրում, որովհետև չէիր ուզում մեզ ցավ պատճառել, որովհետև չէիր ուզում եղած դառնությունն ավելացնել, չէիր ուզում ասել, որ երբ ճանապարհ չկա, մենք պիտի դառնանք ճանապարհ, իսկ դա ցավոտ է ու երբեմն` մահացու: Չէիր ուզում, որ մենք քո մեջ տեսնենք մեզ` շվար ու մոլոր, ինքն իր մեջ խրված, աշխարհի բոլոր ճշմարտություններից հոգնած ու կուշտ, բայց` քաղցած: Չէիր ուզում, որ քո մեջ տեսնենք մեզ` ցավից ծռմռված ու դաժանացած: Դու չէիր գրում, բայց այն ամենը, ինչ դու չէիր գրում` խնայելով մեզ, դու ապրում էիր, ու քո կյանքը կաթիլ առ կաթիլ հեռանում էր քեզնից ու մեզ չէր հասնում, որովհետև մենք խուլ ու կույր էինք` ինքներս մեր ու քո առաջ: Եվ սերը դառնում էր պատյան, որի ներսում արդեն չկար ոչինչ:
Տասը տարի առաջ ու տասը տարի անց մենք մնացել ենք նույնը: Եվ այսօր քո խոսքը մնում է նոր խոսք, որովհետև մեր կյանքում չի փոխվել ոչինչ, որովհետև կյանքում չի փոխվել ոչինչ: Ոչինչ, որ դու չես գրել, ոչինչ, որ դու չես տեսել, որ դու չես ասել: Քեզ այս ամենը չի հետաքրքրում, դու վաղուց իրավունք ունեիր ոչինչ չասելու, որովհետև աղմուկի մեջ ձայնի կարիք չկա, կա լռության անհրաժեշտություն:
Ես նորից խրվեցի քաղաքականության մեջ, ես շարունակում եմ իմ արագագրությունն ու գեղեցկագրությունը, որի մեջ դու այնպես մեղադրում էիր ինձ` ատամներդ սեղմած ու աչքերդ քամահրանքով կկոցած` չցանկանալով նայել իմ լայն բացված աչքերին, որ նայում ու չէին տեսնում քո ցավը, քո սերը, քո լռությունը: Ես նորից խրվեցի քաղաքականության մեջ ու հիմա գրում եմ բառեր, որոնք օտար են ինձ, ու ես օտարում եմ այդ բառերը, որպեսզի չկպչեն ինձ, ու ես չոռնամ այն բառի կարոտից, որ այդպես էլ չեմ գրում ու գուցե չեմ գրի երբևէ: Բայց դա իմ բառն է:
Հիմա ինձ թվում է, որ մարդիկ միայն մեռնում են, որ մարդիկ արդեն չեն ծնվում, ու մեր անձնական գերեզմանոցն է դառնում մեր հայրենիքը: Ես գիտեմ, որ այդպես չէ, ես գիտեմ, որ դա անհեթեթ է, բայց դա փաստ է: Խաչեր են իմ վերադարձի կանաչ դաշտում: Խաչեր` առանց անունների, խաչեր` առանց հողի ու առանց երկնքի:
Եվ Վահագն Աթաբեկյանի չբացվող աչքերում դեկտեմբերի սառը արևն էր, որ կար, բայց չկար, որովհետև մրսում էինք բոլորս ու դեռ չգիտեինք, որ որքան էլ տաք ու բարկ օրեր գան, մենք շարունակելու ենք մրսել, որովհետև աղմուկի մեջ մեռնում էր ձայնը, իսկ լույսը չէր բացվում, որովհետև ժամանակի մեջ սպառված` մեր ժամանակը մեզ մոռացել էր, ու մենք արդեն քայլում էինք` առանց ոտնահետքեր թողնելու, մենք արդեն ունեինք միայն պատասխաններ, իսկ մեզ ոչ ոք վաղուց հարց չէր տալիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Կներե՞ք ինձ, որ առաջին անգամ Ձեզ դիմեցի դու-ով:

Դիտվել է՝ 2268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ